ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ համազգային դեբատներին ԱՄՆ նախագահի թեկնածու, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի ելույթը պատմության մեջ վատագույնն էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան Twitter-ի էջում:

«Մինի-Մայքլ Բլումբերգի ելույթն այսօր, կարծում եմ, դեբատների պատմության մեջ վատագույնն էր: Նա կակազում էր եւ բացարձակ ոչ կոմպետենտ էր»,- ասել է Թրամփը:  

Նա նաեւ նշել է, որ դեբատները նվազեցրեցին Բլումբերգի հաղթանակի շանսերը:              

Միլիարդատեր թեկնածուի մասին

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն փոփոխություններ է մտցրել համազգային հեռուստադեբատների անցկացման կարգում, ինչը Բլումբերգին թույլ է տվել մասնակցել դրանց: Կոմիտեն նշել է դեբատներին մասնակցության կանոնները: Դեբատներին կարողացել են մասնակցել միայն այն թեկնածուները, որոնք նվիրատվություններ են հավաքել նախընտրական քարոզարշավի համար առնվազն 225 հազար մարդուց: Բլումբերգը սկզբունքորեն ֆինանսավորում է իր քարոզարշավը սեփական միջոցներով:

NBC հեռուստաընկերության եւ The Wall Street Journal-ի պատվերով փետրվարի 14-ից 17-ը անցկացված հարցման համաձայն` Նյու Յորքի նախկին քաղաքապետը պոպուլյարության մակարդակով երրորդ տեղն է զբաղեցնում (14 տոկոս), Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի տեկնածու Ուորենը եւս երրորդ տեղում է (14 տոկոս): Այս ցուցանիշով Բլումբերգը զիջում է միայն Սանդերսին (27 տոկոս) եւ Բայդենին (15 տոկոս):

Բլումբերգը միացել է նախագահական մրցավազքին 2019 թվականի նոյեմբերին` ԶԼՄ-ներում ագիտացիայի վրա ծախսելով ավելի քան 385 միլիոն դոլար: Ըստ Forbes-ի վերջին գնահատականների` նախկին քաղաքապետի կարողությունը հասնում է 64 միլիարդ դոլարի: Նրա քարոզարշավը կենտրոնացած է տնտեսությանը, առողջությանը, ներգաղթին, կրթության եւ հասարակական վայրերում կրակոցների դեպքերի կանխարգելմանն առնչվող հարցերի վրա:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի նոյեմբերի 3-ին: