ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէր հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ չկարողացավ դիմադրություն ցույց տալ նրա գրոհներին: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա` հայկական կողմի բախտը բերել էր նրանում, որ Ալիեւը նույնպես պատրաստ չէր. վերջինս չնկատեց Փաշինյանի սխալը, երբ նա սխալ նշեց այն թերթի անունը, որում հրապարակվել էր Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը: Համբարյանը նկատեց, որ Փաշինյանը, իր հերթին, կարող էր ուղղել Ալիեւին, ով հայտարարեց, որ Հայաստանում 300 հազար ադրբեջանցի է ապրել, մինչդեռ այդ թիվը հասնում է ընդամենը 180 հազարի: «Եթե Հայաստանի իշխանությունները շարունակեն չարձագանքել նման հայտարարություններին, ապա ապագայում կարող է պարզվել, որ Հայաստանում երբեք հայեր չեն եղել: Ընդհանուր առմամբ, պատմական ակնարկների փոխարեն Փաշինյանը կարող էր հղում կատարել Հեյդար Ալիեւի ստորագրած փաստաթղթին, որում նշվում են բանակցությունների երեք կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները:

Զարմանալի է նաեւ այն, որ վարչապետը չարձագանքեց Ալիեւի այն հայտարարությանը, որ հայերը Ադրբեջանի բնակչության էթնիկ զտումներ են իրականացրել, եւ չնշեց Բաքվում, Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի, Գուրգեն Մարկարյանի սպանության, ինչպես նաև 2016-ի ապրիլյան ռազմական էսկալացիայի ընթացքում ադրբեջանական զինվորականների հանցագործությունների մասին: Բացի այդ, Ալիեւին կարելի էր բացատրել, որ բնակչությունը չի կարող գրավել այն տարածքը, որի վրա բնակվում է` նկատի ունենալով Ղարաբաղի բնակչությանը»,- հավելեց քաղաքագետը:

Նա շեշտեց, որ խաղաղասիրական ուտոպիական հայտարարությունները, ինչպես նաեւ որոշակի «միկրոհեղափոխությունների» կոչերը Ադրբեջանի կողմից, որը շարունակում է ռազմատենչ հռետորաբանություն վարել, միայն որպես թուլության դրսեւորում է դիտարկվում: