Փետրվարի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Սեւան ազգային պարկից» ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամեր առաջ մի տղամարդ, որ «Օպել» մակնիշի մեքենայով է եղել Աստղաձոր գյուղի անտառամերձ հատվածում, ապօրինի հատել է 17 սոճի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը եղել է Աստղաձոր գյուղի 46-ամյա բնակիչ:

Կասկածվողը նույն օրը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, այնուհետեւ դեպքի վայրում մատնացույց արել հատած ծառերը` հայտնելով, որ դրանք կտրել է հետագայում որպես վառելափայտ օգտագործելու համար:

Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների` «Սեւան ազգային պարկին» պատճառվել է մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

46-ամյա տղամարդը ներկայացվել է Մարտունու քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է: