ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ Էր Ռիադ այցի ընթացքում: Այցի նպատակն է քննարկել Իրանի նկատմամբ անվտանգության ընդհանուր խնդիրները, հաղորդում է AP-ը:

Էր Ռիադ այցի նախաշեմին Պոմպեոն հայտնել է, որ կբարձրացնի մարդու իրավունքների  եւ երկքաղաքացիություն ունեցողների հարցը, որոնց արգելված է արտասահման մեկնել կամ գտնվում են բանտում:

Թագավորի հետ հանդիպումից հետո Պոմպեոն մեկնել է ավիաբազա, որտեղ Իրանի կողմից սպառնալիքներին ի պատասխան տեղակայվել է մոտ 2500 ամերիկացի զինծառայող:

Թագավորությունում ԱՄՆ ռազմական ներկայությունը ներառում է F-15E կործանիչներ, որոնք ամեն օր առաքելություն են իրականացնում Իրաքում եւ Սիրիայում, եւ 2 Patriot հրթիռային մարտկոցներ:

Ամերիկյան զորքերն ուղարկվել էին Սաուդյան Արաբիա անցած ամառ՝ Իրանի միջուկային համաձայնագրից նախագահ Թրամփի դուրսբերման որոշումից հետո ի պատասխան Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների լարվածության սրման: