Միլիարդավոր դոլարներով միջուկային զինանոցի արդիականացման անհրաժեշտությունը պատասխան է Ռուսաստանի եւ Չինաստանի գործողություններին: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Ռուսաստանը եւ Չինաստանն արդիականացնում են իրենց միջուկային զինանոցը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով B-52 ռմբակոծիչների կողքին, որը համարվում է ամերիկյան միջուկային տրիադայի  հենարաններից մեկը:

«Տրիադայի բոլոր երեք հենարանները պետք է արդիականացվեն: Ծայրաստիճան կարեւոր է, որպեսզի մենք պահպանենք ռազմավարական զսպման հնարավորությունը: Մենք փորձում ենք զսպել պատերազմը»,- ասել է նա:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից միլիարդավոր դոլարների ծախսերը «խելահեղ» է անվանել:

Նա Չինաստանին եւ Պեկինին առաջարկել է սպառազինությունների վերահսկման նոր համաձայնագիր մշակել, որը կփոխարինի ռուս-ամերիկյան СНВ-3 համաձայնագիրը, որի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում սպառվում է մեկ տարի անց:  

Կոնգրեսի բյուջետային կառավարման գնահատմամբ՝ առաջին 10 տարում արդիականացման համար կծախսվի 500 մլրդ դոլար, 30 տարում՝ 1,2 տրիլիոն:

Կոնգրեսին ուղարկված 2021-ի բյուջեի նախագծում Թրամփը 2,8 մլրդ դոլար է խնդրել  Raider ռմբակոծիչների եւ 1,5 մլրդ դոլար՝ նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի համար:

Ներկայիս ծրագրին համապատասխան՝ միայն Պենտագոնը 85 մլրդ դոլար կծախսի մոտակա 5 տարում նոր ռմբակոծիչի, նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի, «Կոլումբիա» տեսակի սուզանավի համար: