ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի մասնագետ-տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին՝ «Norma» ապրանքանիշ, պատկանող կաթնամթերքի արտադրամասում (այս ընկերությունը եղել է մի շարք մանկապարտեզների կաթնամթերքների մատակարարը):

Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրական, օժանդակ ու կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ են գտնվող սարքավորումները, գործիքներն ու այլ պարագաները չեն պահվել մաքուր եւ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ ախտահանման։ Անձնակազմը չի պահպանել անձնական հիգիենայի կանոնները եւ չի կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում՝ սանիտարական հագուստ, ավելին՝ նրանցից երկուսը չեն ունեցել սանիտարական գրքույկներ, չեն ենթարկվել նախնական եւ պարբերական բժշկական զննության։

Նշված սանիտարահիգիենիկ խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի որեւէ արտադրության հետ, ուստի Տեսչական մարմինը կասեցել է «Ագրոպրոդ» ՍՊԸ գործունեությունը, տրվել է ժամկետ թերությունները վերացնելու համար: Տրվել է նաեւ կարգադրագիր բժշկական զննության չանցած երկու աշխատակիցներին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին: