Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է ՀՀ-ում սահմանադրական իրականություն հաստատելուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի արձանագրենք, որ շատ երկար տարիներ մեր քաղաքական թիմը և ես անձամբ դեռ ընդդիմադիր ժամանակներից խոսել եմ սահմանադրական իրականության մասին և ասել եմ, որ ՀՀ-ում սահմանադրական իրականության հաստատումը սկզբունքային նշանակություն ունի։  Սահմանադրական իրականություն ասելով նկատի եմ ունեցել, որ մեր երկրի սահմանադրության մեջ գրված է եղել մի բան, իսկ իրականությունը եղել է բոլորովին այլ։ Մեր կառավարության գործունեությունն առաջին օրից միտված է եղել ՀՀ-ում սահմանադրական իրականություն հաստատելուն, և մենք այդ հարցում ունենք շատ կոնկրետ հաջողություններ։ Մասնավորապես, մեր խնդիրն այն  էր, որ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով։ Դա շատ երկար՝ 1991 թվականից էս կողմ տեղի չէր ունեցել, բացառությամբ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները, և մենք այսօր այդ սահմանադրական իրականությունը ստեղծել ենք։ Այսօր ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ ինքը կարող է ձևավորել իշխանություն թե՛ տեղական ինքնակառավարման և թե՛ հանրապետական մակարդակում»,-նշեց նա։

Իսկ սահմանադրական իրականության թեման Սահմանադրական դատարանի հետ կապը վարչապետը հետևյալ կերպ բացատրեց ․ «2018 թվականի ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն առաջացել է բոլոր միջազգային կառույցների քաջալերանքին և բարձր գնահատանքին՝ ասելով, որ ՍԴ այդ մոդելը  բալանսավորված է, նրանում կան անկախության որոշակի և կոնկրետ երաշխիքներ, նաև հաշվի առնելով ՍԴ ինստիտուտի նկատմամբ  Հայաստանում երկար տարիներ առկա անվստահությունը, ահա այդ մոդելը ճանապարհն է, որով կարելի է վերականգնել վստահությունը ՍԴ ինստիտուտի նկատմամբ։ Ինչ տարբերություն կա նախկին և գործող մոդելի միջև՝ ի տարբերություն նախկինի, երբ ՍԴ անդամի և նախագահի թեկնածուներին առաջադրում էր ՀՀ նախագահը կամ ԱԺ նախագահը և ընտրում էր խորհրդարանը, նոր մոդելով ՍԴ դատավորի երեքական թեկնածուներ առաջադրում են նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը։ Պետք է արձանագրել, որ նոր կարգավորումներով դատավորներ առաջադրելու իրավասություն ունեցող երկու ինստիտուտները ապակուսակցականացված են՝ նախագահը ր Դատավորների ընդհանուր ժողովը, հետևաբար նոր կարգավորումներով՝ ՍԴ-ի քաղաքականացվածության և կուսակցականացվածության վտանգները էականորեն չեզոքացված են»։

Երկրորդ առանձնահատկությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ ՍԴ դատավորի գործունեության ժամկետը սահմանափակված է․ «Եթե նախկինում ՍԴ անդամը ընտրվում էր ցմահ, հիմա հստակ սահմանված է, որ 12 տարի է, իսկ նույն անձը կարող է միայն մեկ անգամ լինել ՍԴ դատավոր։ Երրորդ առանձնահատկությունը՝ ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե Ազգային ժողովը, ի տարբերություն նախկինի, այլ ՍԴ-ն և ընտրում է 6 տարի ժամկետով, միայն մեկ անգամ։ Սա կարևոր է, որ ՍԴ նախագահը զրկված լինի ՍԴ-ում գերիշխանություն հաստատելու հանարավորությունից»։

Նրա խոսքով՝ Սահմանադրության մեջ փոփոխություն անելը կարևոր է․ «Մենք բոլորովին նոր կառավարման համակարգ ենք ներդրել, որը մեխանիզմ է՝ մեկ ամբողջություն, իսկ այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է մեր սահմանադրության մեջ»։

Դիտարկմանը, որ միևնույնն  է՝ սահմանադրական փոփոխություններ իշխանությունը նախաձեռնել է, ինչու են այդ հարցն արագացնում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Որովհետև սահմանադրական փոփոխություններն իրենք շատ լուրջ, խորքային փոփոխություն են ենթադրում, երբ խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, խոսում ենք գործող Սահմանադրության զարգացման մասին, իսկ գործող Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ։ Մենք ուզում ենք այսօր եղած սահմանադրությունը բերել ուժի մեջ, և ունենալ սահմանադրական իրականություն»։

Նա շեշտեց՝ եթե ոչինչ չփոխեն Սահմանադրության մեջ, «ՍԴ նախագահի 2 ընտրություն բաց ենք թողելու»։

Պնդումներին, թե ընտրված ճանապարհը իրավական չէ, վարչապետը չհամաձայնեց՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովն էլ կարող է սահմանադրական փոփոխություն իրականացնել, բայց քանի որ այն պետք է ուղարկել ՍԴ, իսկ ՍԴ-ում կա ճգնաժամ և դատավորը չի կարող մասնակցել իրեն առնչվող գործի քննությանը, իսկ «ՀՀ սահմանադրության  մեջ գրված է, որ եթե Ազգային ժողովը չի ընդունում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ուրեմն ձայների 3/5-ով հարցը կարող է դրվել հանրաքվեի, իրավական խնդիր չկա․ «Այսինքն իրավականության առումով մենք խնդիր չունենք»։