Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հատուկ ուշադրություն է դարձվել սիրիական ճգնաժամի կարգավորմանը Իդլիբում սրված իրավիճակի համատեքստում։ Շեշտադրվել է քաղաքացիական բնակչության համար բացասական հումանիտար հետեւանքներ թույլ չտալու կարեւորությունը։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքները պահպանելով ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման արդյունավետ միջոցների ընդունման անհրաժեշտությունը։ Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում լարվածությունը թուլացնելուն նպաստելու պատրաստակամություն են հայտնել։

Լիբիական խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակման ժամանակ առաջնորդները կողմ են արտահայտվել հրադադարին եւ քաղաքական երկխոսության վերականգնմանը՝ Բեռլինյան համաժողովի որոշումների ճանապարհով։