2019 թվականին տնտեսությունը աճել է 4 տոկոս, Փաշինյանը կարգադրել է, որ գրեն 8 տոկոս։ Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով, երկրի բյուջեն 1 տրիլիոն 260 միլիարդից դարձել է 1 տրիլիոն 559 միլիարդ, այսինքն այն ավելացել է 600 միլիոն դոլարով, միլիարդ չկա. «Ընդհանրապես, երբ նա բան է ասում, հետեւից նայում ես, տեսնում ես՝ սուտ է։ Ասում է՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով անցել ենք Վրաստանին, հետո պարզվեց՝ սուտ է պարզապես, ընդհակառակը 2017 թվականին ավելի քիչ էր տարբերությունը Վրաստանի հետ, քան 2018-ին։ Եվրոն այսօր Շվեցարական բանկերը տրամադրում են 0 տոկոսադրույքով, քանի որ Եվրոպան ասում է՝ ուզում եմ իմ արժույթը լավը լինի, տպում եմ, եկեք, վերցրեք։ Վերագրել դա Հայաստանի հաջողությանը չի կարելի»,-ասաց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Moody’s-ի գնահատականներով Հայաստանի վարկանիշը բարձրացել է, նախկին վարչապետն ասաց. «Moody’s-ի կարծիքն ինձ համար գրոշի արժեք ունի, քանի որ դրանք իրականում հետախուզական գործակալություններ են, փող են վերցնում վարկանշելու համար։ Աշխարհը գնում է առաջ, մի «չըրթ» բարձրացրել է Moody’s-ը, հետո՞ ինչ։

Բայց Նիկոլ Փաշինյանը չի ասում մեդալի հակառակ կողմը․ երկու տարում երկրում հանցագործություններն ավելացել են 32․7 տոկոսով՝ 20․000-ից դարձել է 27․000, ծնված երեխաների թիվը 38․000-ից իջել է 36 հազար, նույնիսկ իրական վիճակագրությամբ իրական եկամուտների աճը վերջին տարում կամում է 1,8 տոկոս: Այսինքն նախորդ տարում 5,9 տոկոս միջինում աճել է աշխատավարձը, 1,4 տոկոս գները, հանելով նաեւ 2,5 տոկոս կենսաթոշակայինը, տնտեսության կառուցվածքի մեջ շեշտակի բարձրացել են ծառայությունների՝ խաղերի, ավտոմեքենա ներկրելու, կեղծ կոնյակ արտահանելու  բաժինը, որոնք տնտեսական խուլիգանություններ են, որոնք նախկինում արվում էր երբեմն, իսկ հիմա դարձել է համակարգ։ Մենք խաբում եւ գցում ենք մեր գործընկերներին, որոնց հետ մենք ներմուծում-արտահանում ենք անում»,-ասաց Բագրատյանը:

Նա ընդգծեց, որ իր գնահատմամբ, 2018 թվականին ունեցել ենք 3,5 տոկոս տնտեսական աճ, գրված է՝ 5,2, հաջորդ տարում ՝4 տոկոս. «Ես դա դրական եմ համարում, չնայած զգուշացում եմ, որ աճի կառուցվածքը վատն է։ Մարդը, ով եկել էր կարգավորելու հանքարդունաբերությունը, միայն անցյալ տարի տվել է 24 տոկոս աճ՝ այդքան մետաղ է արդյունահանվել։ Եթե նախկինում թալան էր, ապա հիմա այն 24 տոկոսով ավել է, քանի որ այնտեղ ոչինչ չի փոխվել։

ՏՏ ոլորտը զարգացնելուց հետո դրա կշիռը տնտեսությունում չի աճել, մի փոքր էլ իջել է։ Նոր տեխնոլոգիաների զարգացման մեջ համաշխարհային միջինից մենք հետ ենք 3 անգամ: Այսինքն երկու տարում տնտեսության մեջ չի առաջարկվել որեւէ լուրջ ռեֆորմ։ Չունենք բարելավում կառուցվածքի»:

Նա հավելեց, որ մենք, շահարկելով ԵՏՄ օրենքները, 220 միլիոն դոլար ձախ եկամուտ ենք ստացել ավտոմեքենաների ներկրումից. «մենք բերել ենք մենքենաներ ու ծախել ենք ղազախներին, որի իրավունքը չունեինք: Ղազախները կարող են պահանջել այն որպես պետական պարտք ձեւակերպել։ Բայց դրա վտանգն այն է, որ մյուս տարի դա չի կրկնվելու եւ մարդիկ, որոնք իրենց համար զբաղմունք էին գտել, հանկարծ պարզվում է՝ այն չունեն։ Գյումրիում, որ վարչապետը տաքացավ, ասաց՝ մաքսատուն կառուցել, հիմա այդ մաքսատունն անգործ է։ Թող վարչապետն իր ասած միլիարդ դոլարից հանի այն ավելորդ ծախսերը, որ արել է Գյումրիում»,-ընդգծեց Բագրատյանը: