Նախեւառաջ, ցանկանում եմ ընդգծել բազմակողմանի եւ միջազգային համագործակցության կարեւորությունը խաղաղության, անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջխաղացման գործում: Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ունեցած իր ելույթում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ցեղասպանությունների, էթնիկական եւ կրոնական խմբերի վրա ճնշումներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք գիտենք, որ աշխարհը բախվում է ռազմական կոնֆլիկտների իրողությանը, եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարումը հենց այդ հակամարտությունների հիմքում է: Սա նշանակում է, որ Հայաստանը կրում է պատմական եւ հատուկ պարտականություն՝ կանխելու ցեղասպանությունն ու մարդկության դեմ հանցագործությունները հակամարտության եւ պատերազմների ընթացքում:

Եթե օրինակ բազմակողմանի համագործակցության այս կոնցեպտը լիներ նախորդ դարում, մենք կխուսափեինք մարդկության դեմ ուղղված շատ ոճրագործություններից, օրինակ՝ Հայոց ցեղասպանությունից։

Ես կարծում եմ՝ այսօր պետությունները, միջազգային կազմակերպությունները՝ հատկապես ԵԱՀԿ-ն հնարավորություն ունեն կոնկրետ գործողությունների միջոցով, ինչպես նաեւ օգտագործելով փափուկ ուժի քաղաքականությունը աշխարհը դարձնել ավելի անվտանգ նրանց համար, որոնք պաշտպանված չեն կամ նրանց համար, որոնք զրկվում են իրենց հիմնարար իրավունքներից։ Ես ուզում եմ կրկին Ձեր ուշադրությունը հրավիրել կոնֆլիկտի գոտիներում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների խնդրի վրա։

Մեր օրերում բոլոր տեսակի ռազմական գործողությունների պատճառով տուժում են այս փոքրամասնությունները։ Հայաստանն առաջին մասնակից պետություններից էր, որը ԵԱՀԿ ուշադրությունը բեւեռեց Սիրիայում էթնիկական եւ կրոնական խմբերի, այդ թվում քրիստոնյաների ահաբեկչական կազմակերպությունների հարձակումներից պաշտպանության խնդրին: Եթե ԵԱՀԿ-ն եւ Պառլամենտական վեհաժողովը հանձնառու են պաշտպանել մարդու իրավունքները եւ ազատությունները, ապա ես կարծում եմ, որ այս առաքելության համար աշխարհում մեզ համար գորշ գոտիներ չեն լինի։

Ես առաջարկում եմ Մարդու իրավունքների կոմիտեի զեկուցողներին իրենց առաջիկա զեկույցում հատուկ ուշադրություն դարձնեն կոնֆլիկտային գոտիներում փոքրամասնությունների իրավունքների խնդրին։ Այս փոքրամասնությունների ապագան անորոշ է»: