Հայաստանում պետգնումների մրցույթներ անցկացնելիս տեղական արտադրողները ոչ մի կերպ չեն խրախուսվում, ինչն անթույլատրելի սխալ է: Այս մասին փետրվարի 21-ին ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի խնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր շուկա ունի, եւ այս պատճառով անհրաժեշտ է տեղական արտադրողին աջակցել ու պաշտպանել: «Այլապես մենք անմիջապես կկորցնենք մեր արտադրողին, քանի որ նրա համար առաջին խթանը մրցույթի միջոցով իր ապրանքի ձեռքբերումն է: Դուք աշխարհի ոչ մի երկրում չեք տեսնի, որ տեղական արտադրողին չխրախուսեն, սակայն Հայաստանում, օրինակ, չգիտես ինչու չեն խրախուսում»,- դժգոհեց պատգամավորը: