Երբ ես մի բան եմ գրում, ֆեյքերը գրում են՝ Բագրատյանը Կոնյակի գործարանը ծախեց ֆրանսիացիներին, մինչդեռ դա տեղի է ունեցել Քոչարյանի ժամանակ: Այս մասին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Կամ ասում են գործարանը Բագրատյանինն է, այդ գործարանն այժմ ունի 1 բաժնետեր՝ «Պեռնո Ռիկար» ընկերությունը, ես էլ ասում եմ՝ որն է իմ բաժնեմասը, տվեք։ Հիմա կանչում են Պղնձամոլիբդենային կոմբինատի մասին գրում են, փող է փոխանցում: Հիմա որ ասում են՝ կոնյակի գործարանն իմն է, ես էլ պետք է Աննա Հակոբյանի ֆոնդին փող փոխանցե՞մ:

Ինչու պետք է վարչապետի կինը, օգտագործելով վարչապետի անունը, ֆինանսական ֆոնդ ունենա։ Դա տեղով կոռուպցիա է։ Եթե Փաշինյանն ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, թող սկսի այդ ֆոնդերից: Չես կարող անտեսել, որ նամակը վարչապետի կինն է գրել, արի մի բան տամ, ուրիշ բան չմտածի: Այլ պայմաններում զրո դրամ կտայի: Դա արտաբյուջետային ֆոնդ է, որին ես դեմ եմ, դա հենց այնպես բարեգործական չէ, քանի որ վարչապետի կինը պաշտոնյա է»,-ասաց նա: