Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկին բազմիցս «ագրեսիվ» կերպով հետապնդման համար մեղադրվողի նկատմամբ: Ընկրությունն արդեն ստացել է համապատասխան ծանուցումը: Այս մասին գրում է The Mercury News-ը` վկայակոչելով դատական փաստաթղթերը:

Հինգշաբթի` փետրվարի 13-ին, կայացված դատավճիռի համաձայն` հանցագործը` Սան Ֆրանցիսկոյի 41-ամյա բնակիչ Ռաքեշ Ռոքի Շարմանը` պետք է առնվազն 200 յարդ (ավելի քան 180 մ) հեռավորության վրա գտնվի Թիմ Քուկից եւ նրա տնից, ինչպես նաեւ` Apple-ի գրասենյակից:  Դատական արգելքի ծամկետը ավարտվում է մարտի 3-ին, ու այդ օրն էլ նշանակված են լսումները, հայտնում է Euronews-ը: Apple-ը ներկայացնող փաստաբանները պնդում էին, որպեսզի Շարմային արգելվի այցելել Apple Store եւ մոտենալ ընկերության մյուս բարձր ղեկավարներին, սակայն դատարանը, ի վերջո, մերժել էր այս միջնորդությունը, հայտնում է ՌԲԿ-ն:

NBC News-ը գրում է, որ Apple-ի թոփ մենեջմենքի անվտանգության մասնագետ Ուիլյամ Բրենսը դատարանում պատմել է, որ Շարման սեպտեմբերի 25-ին եւ հոկտեմբերի 2-ին երկու անգամ զանգահարել է Քուքին եւ երկու դեպքերում էլ սպառնալիքներ պարունակող ձայնային հաղորդագրությունները թողել: Բացի այդ, ըստ Բրենսի, դեկտեմբերի 4-ին` տեղական ժամանակով ժամը 10:30-ին, մի տղամարդ, փորձելով Apple-ի ղեկավարին շամպայն եւ ծաղիկներ փոխանցել, մուտք է գործել Սանտա Կլարա քաղաքում Քուքի տան տարածք: Նման փորձ նա արել է նաեւ հունվարի 15-ին, բայց հասցրել է թաքնվել մինչեւ ոստիկանների ժամանելը:

Ընկերությունում CNET պարբերականին հայտնել են, որ Շարման «հետապնդել է Apple-ի գլխավոր տնօրենին նրա անձնական ունեցվածքի նկատմամբ ֆիզիկական ոտնձգության միջոցով», մասնավորապես, նա նշում էր Քուկին Twitter-ում հրապարակված իր սեքսուալ բնույթի լուսանկարներին:

Տղամարդը նաեւ զանգահարել էր Apple-ի տեխնիկական աջակցության ծառայություն եւ ասել, որ ինքը գիտի, թե որտեղ են ապրում ընկերության տնօրենների խորհրդի անդամները: «Ես զինամթերք չեմ օգտագործում, բայց գիտեմ մարդկանց, ովքեր օգտագործում են»,- ըստ Apple-ի, ասել է Շարման: Փետրվարի 5-ին նա զանգահարել էր կորպորացիա` «մի շարք չափազանց անհանգստացնող եւ սպառնալից մեկնաբանություններով»,- ասվում է հայտարարության մեջ:

Apple-ում հրաժարվել են մեկնաբանել դատավճիռը: Շարման CNET-ի հետ զրույցում իր դեմ գործը թյուրիմացություն է անվանել: Տղամարդու խոսքով` նա դեռ փաստաբան չունի: