Միջերկրական ծովում եւ Բալկաններում Անկարայի այսպես կոչված «իրավական գործողությունները» վերջինիս դարձնում են տարածաշրջանի ապակայունացնող ուժ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Էնդրյու Քարփենթերը:

Նրա խոսքով՝ Թուրքիան խախտում է միջազգային նորմերը՝ հետազոտելով Կիպրոսի ափերի մոտ ածխաջրածինները, ծովային համաձայնագիր ստորագրելով Լիբիայի հետ, հասնելով Բալկաններից ընդդիմադիր գործիչների արտահանձնմանը, օգտագործելով արտադատական միջոցներ:

«Տարբեր ոլորտներում Թուրքիան ավելի շուտ խնդրի պատճառ է, քան լուծման աղբյուր, եւ հենց դա է պատճառը, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններն այդքան լարված են»,- ասել է նա հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում:     

Քարփենթերը նշել է, որ Թուրքիան խախտում է օրենքի գերակայությունը, սեփական հորատիչ նավերն է ուղարկում Կիպրոս: Նրա խոսքով՝ այդ ռազմավարությունը տարաձայնություններ է առաջացնում կղզում հույն կիպրոսցիների եւ թուրքերի միջեւ: Լիբիայի հետ ծովային համաձայնագիրը թուրքական «իրավունքի» եւս մեկ օրինակ եւ տարածաշրջանային լարվածության աղբյուր է:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է միջամտի եւ ավելի անկեղծ զրույց վարի թուրքերի հետ: Հենց Թուրքիան է ավելի ու ավելի հեռանում միջազգային նորմատիվ համակարգից, որը գոյություն ունի վերջին մի քանի տասնամյակում»,- ասել է նա: