Հայաստանում պետական գնումների համակարգն անհրաժեշտ է համապատասխանեցնել ժամանակի պահանջներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից խնդիրներ չեն առաջանա:

«Խնդիրներն առաջանում են ենթաօրենքների ակտերի կիրառման ժամանակ, որոնք մշակվում եւ հաստատվում են երկրի կառավարության կողմից: Նոր կարգավորումների մշակման ժամանակ հաշվի է առնվել ոչ թե հայրենական, այլ միջազգային պրակտիկան: Այդ պրակտիկայից ելնելով՝ կառավարությունը մի շարք նորարարություններ է մշակել, որոնց շնորհիվ պետական գնումների պրոցեսում կարող է ներգրավվել փոքր եւ միջին բիզնեսը»,- ասաց նախարարը:

Ջանջուղազյանը նշեց, որ այժմ դժվար է խուսափել շահերի բախումից, եւ փոքր եւ միջին բիզնեսի ներգրավումը կարող է որոշակի առումով լուծել խնդիրը պետական գնումների համար տենդերների անցկացման ժամանակ:  

Ջանջուղազյանի խոսքով՝ ծրագրվում է բացառել այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ապրանքի կամ ծառայությունների ինքնարժեք», այն փոխարինելով «բանակցային պրոցես» հասկացությամբ, որի ընթացքում փոխզիջում ձեռք կբերվի: 

«Բացի այդ, նոր կարգավորումները նախատեսում են գրավի նոր տեսակի կիրառում: Այժմ գրավային ապահովմամբ հանդես են գալիս ապրանքների եւ ծառայությունների մատակարարի կանխիկ ֆինանսական ռեսուրսները: Այժմ գրավ կարող է դառնալ Պետական գանձարանում հաշիվը»,- նշեց նախարարը:

Նա նաեւ հայտնեց, որ գնումների պրոցեսի թափանցիկության ապահովման նպատակով ծրագրային ապահովման նոր համակարգ է մշակվում: