Հանրաքվեի քարոզարշավն արդեն մեկնարկել է. այս պահին ոչ թե հանրային քարոզարշավ ենք իրականացնում, այլ մարզերում եւ Երեւանի համայնքներում նախապատրաստական եւ հանդիպումների տեսքով աշխատանքներ են իրականացվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ օրերս «Այո»-ի շտաբի պետը հանդես կգա ասուլիսով եւ կներկայացնի հանգամանալիք, թե ինչ են պատրաստվում անել:

Անդրադառնալով փաստին, որ «Ոչ»-ի կողմը քարոզարշավ չի իրականացնելու որպես այդպիսին, Մակունցը նկատեց, որ ցանկացած ու ինքն է ընտրում՝ մասնակցել գործընթացին, թե ոչ. «Այստեղ ինձ համար անձամբ հարցն այլ դաշտումէ  գտնվում, որ քաղաքական հայտ ներկայացնող ուժերը որեւէ դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը: Երկրորդ, թեեւ պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կոչ են անում, դրանով արդեն իսկ անթաքույց իրականացնում են «ոչ.-ի քարոզ: Այդ պարագայում ինձ համար անհասկանալի է, թե ինչու քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում եւ չի իրականացվում քարոզրարշավ»,-ասաց Մակունցը:

Հարցին, թե չի՞ ստացվում, որ քաղաքական մեծամասնությունն իր քաղաքական նախաձեռնությունում մնացել է մենակ, եւ որ դա ի սկզբանե ստվերում է հանրաքվեի ողջ գործընթացը, «Իմ քայլի» ղեկավարն ասաց. «Գործընթացն իրավական ու սահմանադրական է: Հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի, որը հնարավորություն է տալիս վերականգնելու ՍԴ այն մոդելը, որը հաստատվել է 2015-ի Սահմանադրական փոփոխություններով, որը դրական եզրակացության է արժանացել միջազգային կառույցների կողմից, ում ուղարկվել է եզրակացության: Հետեւաբար, այստեղ մենակ մնալ-չմնալու հարց չկա, այստեղ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ գործարկելու մասին է»:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր հարցազրույցում թերահավատորեն է վերաբերվել Վենետիկի հանձնաժողովին, սակայն ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծն այնուամենայնիվ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եզրակացության, ինչու մի դեպքում շրջանցել են ԲՎենետիկի հանձնաժողովը, մյուս դեպքում՝ ոչ, Մակունցն արձագանքեց. «2015-ին Սահմանադրության նախագիծը, այդ թվում ՍԴ այն մոդելով, որն այս պահին չի գործում, ուղարկվել է բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում Վենետիկի հանձնաժողովին եւ ստացվել են դրական եզրակացություններ: Մենք հիմա առաջարկում ենք վերականգնել այն մոդելը, որն արդեն 2015-ի Սահմանադրությամբ հաստատվել է: Չի գործում այն ՍԴ-ն, որի մոդելը հաստատել են միջազգային կառույցները: Այսինքն մենք ընդամենը վերահաստատում ենք Վենետիկի կողմից հավանության արժանացած փաթեթը»:

Մակունցը հավելեց, որ այս պահին դեռ վերջնական որոշում չունեն վենետիկի հանձնաժողով ուղարկելու վերաբերյալ, բայց դեռ ժամանակ ունեն որոշում կայացնելու համար:

Հարցին, թե Վենետիկի հանձնաժողովին չվստահելու առիթ ունի՞ իշխանությունը, նա պատասխանեց. «Մենք բավականին լավ, սերտ հարաբերություններ ունենք մեր միջազգային գործընկերների հետ: Միաժամանակ կան անհանգստացնող որոշակի հանգամանքներ, որոնք պետք է վերջնական լուծում ստանան մինչեւ քայլ անելը կամ գնահատական հնչեցնելը»: