Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ էներգակիրների համաշխարհայի շուկայի ներկայիս պայմաններում Բելառուսի համար ռուսական գազը պետք է արժենա հազար խորանարդ մետրի դիմաց շուրջ 90 դոլար: Լուկաշենկոն այս մասին հայտարարել է այսօր Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

«Ինչ վերաբերում է բնական գազին, այսօր Եվրոպայում գազը 110 դոլարից պակաս է: Դա այնտեղ՝ Եվրոպայում, բորսաներում: Նշանակում է մեզ մոտ այն մինչեւ 90 դոլարի սահմանում է: Եթե հաշվի առնենք համաշխարհային գինը»,- հայտարարել է պետության ղեկավարը:

«Այո, այնտեղ կան երկարատեւ, այն էլ ինչպիսի պայմանագրեր: Բայց չէ՞ որ գազի երկարաժամկետ պայմանագրերը մշտապես կապվում են նավթի գների հետ, նշանակում է տեղի է ունեցել բնական գազի գնանկում: Ուստի 127 դոլար գին այսօր արդեն աշխարհում չկա»,- վստահ է Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այս պատճառով Ռուսաստանից նավթի եւ բնական գազի մատակարարումների վերաբերյալ մեր դիրքորոշումի գնի առումով միանգամայն հստակեցվեց: Եվ մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք»,- ամփոփել է բելառուս առաջնորդը:

Նշենք, որ Բելառուսի համար ռուսական գազի հազար խոր.մետրի դիմաց 127 դոլար գինը որոշվել է որպես բազային տարբերակ ընթացիկ տարվա մարտ-դեկտեմբեր մատակարարումների դեպքում: Այս մասին լրագրողներին ասել էր Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը՝ մեկնաբանելով փետրվարի 7-ին Սոչիում կայացած Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքները: