Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 21-ին, ընթացող առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին դատարանը վերադարձրեց գործով ամբաստանյալ Արսեն Դավթյանի հեռախոսն ու հեռախոսահամարը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցները, ինչպես նաեւ բջջային հեռախոսը։ Պաշտպանական կողմն էլ դատարանին խնդրեց վերադարձնել Դավթյանին հեռախոսն ու հեռախոսահամարը, որը դատարանը բավարարեց եւ վերադարձրեց։

Նշենք, որ իրեղեն ապացույցների հետազոտումից հետո դատարանն անցավ գործով վկաների հարցաքննությանը։

Նշենք, որ լրագրողները միջնորդեցին դատարանին տեսանկարահանել վկայի հարցաքննությունը, սակայն պաշտպանական կողմը կտրականապես դեմ էր տեսանկարահանմանը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի առարկությանը. սույն դատական գործը չի տեսանկարահանվելու, սակայն ԶԼՄ ներկայացուցիչներին դատարանը ձայնագրման հնարավորություն տվեց։ Նշենք, որ դատական նիստին ներկա էին նաեւ կանայք, որոնք պնդում են, թե իրենց ապօրինաբար զրկել են իրենց երեխաներից։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Դավթյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու եւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները եւ առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: