Շոտլանդիայի օղեգործարաններից մեկը նախաձեռնել է աշխարհում առաջին «էկոլոգիական» ջինի թողարկումը, որը պատրաստվում է ոլոռից։ Reuters գործակալությանը պատմել է Arbikie Distillery ընկերության ներկայացուցիչը, որ, ի տարբերություն ցորենի, գարու կամ եգիպտացորենի, ոլոռի համար պետք չեն պարարտանյութեր, որոնք մթնոլորտում ածխածնի դիոքսիդի /СО2/ արտանետման պատճառ են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ 2014 թվականին հիմնադրված գործարանը ձգտում է «իր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանության» գործում։ Վերջերս ընկերությունը սկսել էր թողարկել կարտոֆիլից օղի սննդային մնացորդների ծավալը կրճատելու համար։

Դեռ ավելին, բրիտանական մի շարք ընկերություններ հայտարարել են ջերմոցային գազերի արտանետումը կրճատելու որոշման մասին՝ հասնցելով ընդհուպ մինչեւ զրոյական մակարդակի։

Մեծ Բրիտանիայի առաջատար ավիափոխադրող British Airways ընկերությունը, ինչպես նաեւ բրիտանական ավիաինդուստրիան, մտադիր է 2050 թվականին զրոյի հասցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ չնայած ոլորտի զարգացմանը։ «Մենք մտադիր ենք հասնել այդ նպատակին մի շարք նախագծեր իրականացնելու միջոցով»,-տեղեկացրել է ավիաընկերության գործադիր տնօրեն Ալեքս Քրուզը։ Նրա խոսքով՝ ավիափոխադրողը շեշտադրում է բիովառելիքը, ինչպես նաեւ ավիապարկը նոր ինքնաթիռներով փոխարինելը։ Այսպես, 2024 թվականին նախատեսվում է Boeing-747 լայնաֆյուզելաժային ինքնաթիռի շահագործումը։

Կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում են նաեւ բրիտանական ԶԼՄ-ները։ Այսպես, The Guardian թերթը հայտարարել է նավթագազային ընկերությունների հետ գովազդային համագործակցությունը դադարեցնելու մասին ածխածնային հետքը կրճատելու համար։ «Թերթն առաջին խոշոր լրատվամիջոցն էր, որը սահմանել է արգելք օրգանական հանածո վառելիք արդյունահանող ընկերություններից գումար ստանալու համար»,-ասվում է պարբերականի ղեկավարության հայտարարության մեջ։

Անցած տարի հունվարին The Guardian-ը հրաժարվել էր իր թերթերի եւ հանդեսների համար պլաստիկ փաթեթավորումից։ Կենսաքայքայվող փաթեթավորմանն անցնելու որոշումը պարբերականը բացատրել է պլաստիկի թափոնների կրճատման համար պայքարող իր ընթերցողներին սատարելու ցանկությամբ։