Ստացվել են տվյալներ, որոնք փոխում են Երկրի ձեւավորման պատմությունը: Մեր մոլորակի ձեւավորման նոր տեսությունն առաջ են քաշել Կոմեպենհագենի համալսարանի գիտնականները, հաղորդում է RG-ը:

Հետազոտողների խոսքով՝  Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներն ու երկնաքարերը պարունակում են Fe-56 եւ Fe-54 երկաթի բնական իզոտոպներ: Դրանց քանակային հարաբերակցությունը միանման է, օրինակ, ինչպես Լուսնի եւ Մարսի մոտ, իսկ Երկրի մոտ Fe-54 տարրն ավելի քիչ է: Ինչպես պարզվել է, մեր մոլորակի հետ ամբողջովին նույն կազմն ունեցող երկնաքարային նյութի բնական տեսակ են խոնդրիտները՝ մասնիկներ, որոնք ձեւավորվում են փոշուց, որոնք պարունակվում են ամբողջ Արեգակնային համակարգում:

Այդ տվյալները, ինչպես հայտնել է աշխատանքի առաջատար հեղինակ, դոցենտ Մարտին Շիլլերը, թույլ են տալիս ասել, որ Երկիրը ձեւավորվել է տիեզերական փոշու կուտակման, այլ ոչ թե տարբեր երկնային մարմինների բախման արդյունքում:    

«Եթե մեր մոլորակը ձեւավորվել է այլ՝ քիչ թե շատ խոշոր օբյեկտների հետ բախումից հետո, ապա երկաթի կազմը միանման չէր լինի երկնաքարի միայն մեկ տեսակի հետ: Մեր տեսության համաձայն՝ Երկրի երկաթային միջուկը ձեւավորվել է պրոտոմոլորակային սկավառակին խոնդրիտների փոշու մասնիկների գրավման ընթացքում: Դա ավելի արագ պրոցես է, քան խոշոր տարրերի ակկրեցիան, այն տեւել է առնվազն 5 մլն տարի»,- բացատրել է գիտնականը՝ հիշեցնելով, որ ավանդական մոդելի համաձայն՝ մեր մոլորակը ձեւավորվել է մոտ տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում:    

Շիլլերը նշել է, որ եթե համեմատենք Արեգակնային համակարգի գոյատեւման 4,6 մլրդ տարին 24-ժամային շրջանի հետ, ապա Երկիրը ձեւավորվել է գրեթե 1,5 րոպեի ընթացքում:

Հետազոտության համահեղինակ Մարտին Բիզարրոն հավելել է, որ այդ տեսության ճշմարտացիության դեպքում ակնհայտ կդառնա նաեւ ջրի առաջացումը՝ այն դարձել է այդ պրոցեսի կողմնակի էֆեկտի արդյունք: Գիտնականն ասել է, որ ձեւավորման մեխանիզմը ակտուալ է նաեւ Տիեզերքի բոլոր մասերի համար, ինչը կարող է այլ գալակտիկաներում կյանքի պայմանների առկայության հավելյալ ապացույց դառնալ: