Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ չինական Ուհան քաղաքից տարհանվածները, որոնք այժմ գտնվում են կարանտինի մեջ Նովիե Սանժարի գյուղում, մոտ ժամանակներս տուն կվերադառնան: Այս մասին նա ասել է Կիեւում ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Gordon-ը:

«Ցանկանում եմ ողջունել բոլոր ուկրաինացիներին, որոնք վերադարձել են հայրենիք Ուհան քաղաքից: Մենք բոլորս նրանց առողջություն ենք մաղթում եւ հավատում ենք, որ մոտ ժամանակներս կվերադառնան իրենց հարազատների եւ մտերիմների մոտ: Մենք միշտ ասում ենք, որ Ուկրաինան Եվրոպա է: Երեկ առանձին դրվագներում ինձ թվաց, թե մենք միջնադարյան Եվրոպա ենք: Եկեք չմոռանանք, որ մենք բոլորս մարդ ենք, այլ ոչ թե… Չեմ ցանկանում սխալ բառ ընտրել»,- նշել է նա:

Երեկ Պոլտավայի մարզի Նովիե Սանժարի գյուղում Ուհանից տարհանված քաղաքացիներով լի ավտոբուսներ են ժամանել: Նրանց տեղափոխել են գյուղի բժշկական կենտրոն: Տարհանվածներից 45-ն Ուկրաինայի քաղաքացիներ են, 27-ը՝ արտասահմանցիներ:

Գյուղի բնակիչները բողոքել են նրանց ժամանման դեմ: Իրավապահների եւ տեղի բնակիչների միջեւ բախումներ են սկսվել: Արդյունքում բուժօգնության է դիմել 9 իրավապահ եւ մեկ քաղաքացի: 24 մարդ ձերբակալվել է: