Ամեն ինչ կախված է ընթացքից, բայց չեմ կարծում, որ մի քանի տարի կտեւի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նշվում է, որ սահմանադրական ամփոփ փոփոխությունների հանրաքվեն կարող է տեղի ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ միաժամանակ:

«Անպայման պետք է սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը քննարկվի նաեւ խորհրդարանի, խմբակցությունների ուժեղացման հարցը: Այստեղ, իհարկե, ձեռնարկվող հարցեր կան: Անկախ նրանից, որ մենք, որպես պատգամավորներ, ինքներս պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք, բայց սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը նույնպես պետք է օգտագործել այդ առումով»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ժամանակ ասում էր, որ պետք է վարչապետն ու նախագահն այնպիսի լիազորություններ ունենան, որ նախագահը միայն չնստի եւ ժպտա, իսկ արդեն այսօր վարչապետ Փաշինյանն ասել է, թե այս պահին կառավարման ձեւի փոփոխություն այս շրջանում չի լինելու, արդյո՞ք սա չի նշանակում, որ քաղաքական թիմն այլ բան էր ասում, Մակունցն արձագանքեց.

«Ոչ, չի նշանակում: Սահմանադրական փոփոխությունների փաթեթ է քննարկվելու, եւ այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում եւ սահմանադրական փոփոխությամբ կարող են լուծվել, ապա բավականին ներառական աշխատանքային խմբի միջոցով դա հնարավոր է անել: Մենք ունեցել ենք կառավարման կիսանախագահական մոդել, որը գործել է որպես սուպերնախագահական: Իրավական փաստաթղթավորումից բացի կարեւոր է քաղաքական կամքը»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ այս պահին ՍԴ դատավորների թեկնածուներ դիտարկվու՞մ են, մամուլում շրջանառվել է նաեւ Գագիկ Ջհանգիրյանի անունը, ինչին ի պատասխան՝ Մակունցը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ինչ անդամներ են դիտարկվում, որովհետեւ չեմ կարող դրանից տեղյակ լինել. դա մեր լիազորությունների տիրույթում չէ: Անվան հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ եմ լսում»: