Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի բարեգործական հիմնադրամը եւ ԱՄՆ Կոլումբիական համալսարանը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հայտնում է Xinhua-ն, չինացի գործարարը 2,1 մլն դոլար է տրամադրել COVID-19 կորոնավիրուսը հետազոտելու համար:

Ըստ տեղեկությունների՝ միջոցները կտրամադրվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելու համար: Համալսարանի հետազոտական խումբը ղեկավարում է ՄԻԱՎ բուժման խնդիրների մասնագետ Դեւիդ Հոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ վիրուսը բռնկվել էր Չինաստանում 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհան քաղաքում, որն ունի 12 մլն բնակչություն: ԱՀԿ-ն այն անվանել էր միջազգային մասշտաբի իրավիճակ: Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել 26 երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանում: Չինաստանում զոհերի թիվը հասել է 2239-ի, ապաքինվել է ավելի քան 18,3 հազար մարդ, վարակվածների թիվը մոտեցել է 75,6 հազարի: