ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը`

1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տեւող ադրբեջանական ջանքերին Արցախի հարցը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից:

2. Տվյալ հանդիպումը հրամցնել որպես Արցախյան բանակցությունների բովանդակության հանրայնացում, իրազեկում եւ թափանցիկություն զավեշտալի է, որովհետեւ Փաշինյանի եւ Ալիեւի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին:

3. Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ:

4. Մյունխենը ոչ միայն չնպաստեց խնդրի կարգավորման շուրջ կոնստրուկտիվ մթնոլորտի ամրապնդմանը, այլեւ Ալիեւին հրապարակային հարթակ տվեց առավել ծայրահեղական դիրքորոշումների առաջխաղացման եւ լեգիտիմացման համար:

5. Իմիջային կորուստները, կապված ադրբեջանցիների անպատասխան անվայելուչ պահվածքի, Փաշինյանի վատ անգլերենի եւ այլնի հետ նույնպես մեզ միավորներ չեն բերել:

Սա դեռ միայն այն մասն է, որ կարելի է հրապարակավ ներկայացնել, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների կողմից անտեսված, բայց ադրբեջանական կողմից ինտենսիվ վարվող քարոզչական պատերազմը մեր դեմ»: