Սա մեծ կորուստ է մեր հայ ազգի համար, մեր մշակույթի համար։ Երվանդ Մանարյանը վառ անհատականություն էր եւ այն բացառիկ արվեստագետներից էր, որն ուներ նաեւ իր քաղաքացիական դիրքորոշումը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ընթացող Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Տիգրան Ներսիսյանը։

«Ես կառանձնացնեի Մանարյանի մարդկային տեսակը. բոլորին հասնելու, բոլորին հասկանալու ունակությունը։ Նա մարդկային մի տեսակ էր, որն այսօր շատ քիչ է, դրա կարիքն ունենք։ Մենք խոսքերով ենք ասում, որ պետք է լինի բարություն, հոգատարություն, ինքն այդ ամեն ինչն անում էր, ինքն այդպես էր ապրում։ Նա ամեն ինչ ուներ իր կյանքում, ուներ հարազատներ, որոնք իրեն սիրում էին անչափ, գուրգուրում էին իրեն, դա շատ կարեւոր է մարդու կյանքում։ Մանարյանն ուներ այն սերը, որը վայելում էր իր ժողովրդի կողմից։ Սրանից երջանիկ բան չի կարող լինել։ Ինքը հեռացավ այս կյանքից, երջանիկ եւ վառ հիշատակ իրեն»,- ասաց Տիգրան Ներսիսյանը։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն ասաց, որ Մանարյանին չի կարող որեւէ մեկի հետ համեմատել. «Թող ոչ ոք չնեղանա, ես Մանարյանին չեմ կարող համեմատել որեւէ մեկի հետ։ Այդ սերնդի, տարիքի արվեստագետները նախ եւ առաջ անհատականություն էին, ոչ ոքի նման չէին։ Նրանք կարողանում էին ստեղծել միայն իրենցը եւ հենց իրենցով էին իրենց ճանաչում։ Ցավալի է, որ նման մարդիկ հեռանում են, բայց նաեւ հպարտություն կա, որ նման մարդիկ կային ու նրանց հետ շփվելու, աշխատելու հնարավորություն է եղել»։

Դերասան Հրանտ Թոխատյանն էլ նշեց, որ վստահ է հիմա Մանարյանն էլ է այստեղ. «Գուցե շատ խորիմաստ ժպիտով նայում է բոլորիս։ Վստահ եմ, որ ասում է՝ ինչ եք հավաքվել, գնացեք գործ արեք»։

Նշենք, որ հոգեհանգստին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կառավարության եւ ԱԺ անդամներ, մտավորականներ, մշակութային գործիչներ եւ ժողովրդական արտիստի երկրպագուներ։

Հիշեցնենք, որ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 95 տարեկան հասակում։