Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 21–ին, ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգարժան տիկին Մերկել, Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հինգշաբթի լույս գիշերը Հեսեն դաշնային հողում Հանաու քաղաքում անհայտ անձը հարձակվել էր երկու նարգիլեանոցի եւ բուքմեյքերական գրասենյակի վրա: Վերջին տեղեկություններով՝ սպանվել է 9 մարդ, եւս 4-ը վիրավոր է:  Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը տեղի ունեցածը որակել է «բռնության ահաբեկչական ակտ»: Հանցագործը տեսագրություն է թողել, որում նշել է, որ «ԱՄՆ-ում կան ստորգետնյա ռազմական օբյեկտներ, որտեղ տանջում եւ սպանում են երեխաների»: Նա ամերիկացիներին կոչ է արել դրա դեմ պայքար սկսել: