Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) բարձրացրել է Արցախում ականազերծման եւ Ռոյս-Էնգելի նախաձեռնության իրականացմանն աջակցության հարցերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ուղղված իր դիմումում, որտեղ այժմ մշակվում է 2021 թվականի համար արտաքին օգնության մասին օրինագիծը:

Արցախին օգնություն տրամադրելու հայտը նպատակային օգնության ավելի լայն փաթեթի մաս էր կազմում` 100 միլիոն դոլարի չափով, որն ուղղված կլիներ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի տնտեսական եւ ռազմական համագործակցությանը:

ANCA-ի` կառավարության հարցերով ղեկավար Թերեզա Երիմյանը Ենթահանձնաժողովի անդամներին խնդրել է հորդորել Թրամփի վարչակազմին լիարժեք օգտվել ԱՄՆ-Հայաստան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրից (TIFA), ինչպես նաեւ անհապաղ սկսել առաջխաղացումը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկադրումից խուսափելու պայմանագրի շուրջ  արդեն վաղուց հասունացած բանակցությունների ուղղությամբ: