Ռուսաստանի ԱԴԾ ահմանապահ ծառայությունը Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարության նախաշեմին, փետրվարի 22-ին, Երեւանում Իրինա Ռոդնինայի անվան Սառցե պալատում ընկերական բարեգործական հոկեյի խաղ անցկացրեց Երեւանից թիմի հետ, հայտնում է NEWS.am-ը։

Որպես երկրպագուներ՝ հանդես եկան խաղացողների ընտանիքների անդամները, ծառայակիցները, ինչպես նաեւ մայրաքաղաքի այլ բնակիչներ եւ «Նաղաշյան մանկատուն» Երեխաների աջակցության կենտրոնի աշակերտները։

Սահմանապահների «Շնաձկներ» թիմը համառ պայքարից հետո կարողացավ հաղթանակ  տանել մայրաքաղաքի «Առյուծներ» թիմի հանդեպ, որտեղ տղամարդկանց հետ հավասար աղջիկ էր խաղում։ Վերջնական հաշիվը 5։4՝ հօգուտ «Շնաձկների», որը գավաթով գնաց տուն։

Հարկ է նշել, որ մթնոլորտը բավական բարեկամական էր, չնայած իրենց թիմերին երկրպագուների ակտիվ աջակցությանը։

Խաղի վերջում Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկոյը, խաղացողներին մասնակցության համար մրցանակներ շնորհելով, հայտարարեց, որ դրանով չի սահմանափակվում։ Նա, մասնավորապես, նշեց, որ վարչությունը «Նաղաշյան մանկատանը» նվիրաբերում է պլազմային հեռուստացույց եւ Sony PlayStation խաղային հավելված։

Իր հերթին, Հայաստանում ՌԴ դեսպանությունը մանկատանը լվացքի մեքենա նվիրեց։

Խաղից հետո երկրպագուները եւ հոկեյիստները կարողացան ըմբոշխնել հայկական դաշտային խոհանոցը, տաք թեյ ըմպել եւ շփվել ջերմ բարեկամական մթնոլորտում։