Ընթացիկ տարվա ապրիլին Գորիս քաղաքը մեկ շաբաթով կվերածվի Հայաստանում ՏՏ- կենտրոնի։ Ապրիլի 13-19-ը քաղաքում կանցկացվեն Tech week-2020 մի շարք միջոցառումներ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Instigate խմբի ներկայացուցիչ, Tech week-2020-ի անցկացման նախաձեռնողներից Սպարտակ Կյուրեղյանը։

Նրա խոսքերով՝ Tech week-2020-ի նպատակը ոլորտի ապակենտրոնացման գաղափարի շուրջ Հայաստանի ՏՏ ամենահայտնի ընկերությունների միավորումն է միասնական հարթակում։ Տեխնոլոգիական շաբաթը կկազմակերպվի ամեն տարի եւ ամեն անգամ երկրի տարբեր մարզերում, տեղեկացրեց Կյուրեղյանը։

«Առաջինն ընտրվեց Գորիս քաղաքը, քանի որ հենց այնտեղ է ծնվել Tech week-ի կազմակերպման գաղափարը։ Միջոցառման փակմանը Գորիսում կհայտարարվի, թե որ քաղաքում կանցկացվի միջոցառումը հաջորդ տարի»,- հայտարարեց նա։

Տեխնոլոգիական շաբաթվա կազմակերպման նախաձեռնողները Instigate ընկերության ներկայացուցիչներ Սպարտակ Կյուրեղյանն ու Դավիթ Գրիգորյանն են, ինչպես նաեւ GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը։

Նրանք բոլորը վստահ են, որ ՏՏ ոլորտը կարող է կարեւոր դեր խաղալ երկրի համաչափ եւ ապակենտրոնացած զարգացման հարցում։ Նման միջոցառումները, կազմակերպության գնահատականներով, ոչ միայն ոգեւորում են մարզի բնակիչներին, այլեւ նպաստում են բիզնես ակտիվությւան մակարդակի բարձրացմանը շրջաններում։ Խաչատուր Գրիգորյանը, խոսելով մարզերում ՏՏ-միջոցառումների անցկացման մասին, ընդգծեց, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքներ սեփական «բրենդի» ստեղծման եւ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ճանաչելիության բարձրացման կարիք ունեն։ Նման մասշտաբային միջոցառումները նպաստում են դրան։ Tech week-2020-ը կնպաստի Գորիսի զարգացմանը՝ մի կողմից, եւ տեխնոլոգիաների հասանելիության ապահովմանը՝ մյուս կողմից։

«Հայաստանի ցանկացած քաղաք, ցանկացած գյուղ պետք է դառնա ՏՏ-համայնքի մաս»,- վստահ է նա։ Tech week-2020-ի շրջանակներում տեղի կունենան համաժողովներ, որոնց մասնակիցները կքննարկեն ինչպես ՏՏ-ոլորտի տեխնիկական հարցերը, այնպես էլ ներդրումների գրավման մեխանիզմները։ Նաեւ միջոցառման շրջանակներում տեղի կունենա «ԱրՄաթ»-ի նոր լաբորատորիաների, Գորիսում GG-ի գրասենյակի բացում, իսկ Instigate Mobile-ը Կապանում ինժեներների նոր թիմ կհավաքի։ Միջոցառման հովանավորները SoftConstruct եւ Skill ընկերություններն են։