ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ որոշ քննչական գործառույթների փոխանցումը ՀՀ Ոստիկանությանը կասկածի տակ կդնի Քննչական կոմիտեի գոյությունը:

«Չեմ կարծում, քանի որ մի փոքր սեգմենտի մասին է խոսքը գնում: Եթե նայենք այսօրվա գործառույթները, ապա հետաքննական  մարմինը, ըստ էության իրականացնում է  այդպիսի գործողություն, նյութերը պատրաստում է եւ տալիս է քննչական կոմիտեին: Էստեղ մի փոքր կարող է նրա գործողությունների շրջանակը ավելացվի կամ չավելացվի»,- ասաց նա:

Քոչարյանը հավելեց, որ առաջին հերթին կառավարման համակարգի փոփոխություն է տեղի ունենալու, այսինքն ոստիկանությունը դիտարկվելու է որպես Կառավարության մաս, ոչ թե վարչապետին ենթակա մաս. «Դա արդեն էապես փոխում է  նրա տեղը կառավարման համակարգում»:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ինքը կողմ է, որ Ոստիկանությունը վերածվի Ներքին գործերի նախարարության:

Հարցին, թե ով կնշանակվի ոստիկանապետ  ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ կլինի այն մարդը, ում վարչապետը կներկայացնի հանրապետության  նախագահին եւ կստանա նախագահի հավանությունը:

Դիտարկմանը, թեինքը դժգոհ է ոստիկանապետի պաշտոնակատարի աշխատանքից, Քոչարյանը ասաց, որ թերացումների դեպքում իրենք կաշկանդված չեն քննադատելու. «Տեսաք` ես ինչպես արձագանքեցի այդ տանել-բերելու գործընթացին եւ կարծում եմ, որ տանել-բերելու գործընթացները կավարտվեն այն ժամանակ, երբ որ մենք այս գործընթացները կհասցնենք վերջնական փուլին»: 

Անդրադառնալով ԱԱԾ վերջին հաղորդագրությանը կապված Ֆեյսբուքում ահաբեկչության կոչեր տարածելու համար քրգործ հարուցելուն, նա ասաց. «Ահաբեկչության հետ առնչվող ցանկացած հայտարարություն,  ցանկացած թեկուզ ֆեյք պետք է Ազգային անվտանգության մարմինների տեսադաշտից դուրս չմնա, դա միարժեք է, որովհետեւ մենք այն երկիրն ենք, որտեղ Հոկտեմբերի 27-ենք տեսել»: