Գերմանական Հանաուում ահաբեկչությունից հետո, հնարավոր է, զենքի մասին օրենսդրության խստացում, կարծում է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեհոֆերը, հաղորդում է DW-ը:

«Եթե այդ դեպքում հետաքննությունը ցույց տա, որ մենք պետք է միջամտեինք ավելի վաղ՝ զենք կրելու թույլտվության հարցում, ապա մենք պետք է փոխենք այն»,-հայտարարել է ՆԳ նախարարը Bild գերմանական թերթին տված հարցազրույցում:

Համաձայն Զեհոֆերի՝ խոսքը կարող է վերաբերել «բժշկական փորձաքննության կամ բժշկի կողմից տեղեկանքի պարտադիր ներկայացմանն առ այն, որ ամեն ինչ կարգին է, եւ անձի հոգեկան խանգարումը կամ հիվանդությունը չի վտանգի ամբողջ հասարակությանը»: Հակառակ դեպքում զենքը կրելու թույլտվությունը կարող է հետ կանչվել:

2019 թվականի դեկտեմբերին նախ բունդեսթագը, այնուհետեւ նաեւ բունդեսրաթը հաստատել են օրինագիծը, որը խստացնում է զենք կրելու կանոնները: Համաձայն օրինագծում կատարված փոփոխությունների՝ ընդլայնվել է զենքի սեփականատերերի ազգային ռեեստրը, սահմանվել են նոր պարտավորություններ մատակարարների եւ զենքի վաճառքով զբաղվողների գրանցման հարցում, սահմանափակվել է փամփուշտների թիվը: Զենքի թույլտվություն ստանալու համար պետք է անցնել Սահմանադրության պաշտպանության դաշնային վարչության (BfV) ստուգումը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 22-ին, Շտուտգարդում կրակել են նարգիլե-ակումբի ցուցափեղկի ուղղությամբ՝ կոտրելով ապակին: Տուժածներ չեն եղել, քանի որ հանցանքի պահին տարածքը դատարկ էր, տեղեկացրել են ոստիկանությունում: Բացի այդ, կրակել են նաեւ նույն շենքի մեկ ուրիշ պատուհանի ուղղությամբ: Անցկացվում է հետաքննություն Քրեական գործերով Դաշնային վարչության քաղաքական դրդապատճառներով հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից:

Երեք օր առաջ՝ փետրվարի 19-ին, 43-ամյա Թոբիաս Ռ.-ն սպանել էր ինը մարդու Ֆրանկֆուրտից 20 կմ հեռավորության վրա գտնվող Հանաու քաղաքի երկու նարգիլե-ակումբներում: Այնուհետեւ նա վերադարձել էր տուն, որտեղ, ենթադրաբար, սպանել սեփական մորն ու ինքնասպան եղել: Հրաձգության հետեւանքով առնվազն հինգ մարդ ծանր վիրավորում էր ստացել: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը ճանաչել էր Համաուում հրաձգությունը որպես ռասիստական դրդապատճառ ունեցող ահաբեկչություն: