Consumer Reports ոչ առեւտրային կազմակերպությունը, որը մասնագիտացած է սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ, անցկացրել է ավտոմոբիլային ապրանքանիշերի հերթական ստուգումն ԱՄՆ-ում: Փորձագետները կազմել են լավագույն մակնիշների վարկանշային աղյուսակը ճանապարհային փորձարկումների, սոցիալական հարցումներ, անվտանգության բազային համակարգերի առկայության եւ «կանխատեսվող հուսալիության» չափորոշչի հիման վրա, գրում է Մոտոր-ը:

Վարկանշային աղյուսակի առաջատարը Porsche բրենդն է. գերմանական ապրանքանիշի բոլոր երեք մոդելները, որոնք թեստավորվել են Consumer Reports-ի կողմից, խորհուրդ են տրվել գնման համար, ցույց են տվել հաճախորդների բավարարվածության ամենաբարձր գործակիցը, ցուցադրել են բարձր հուսալիություն եւ անվտանգություն:

Ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է կորեական Genesis պրեմիում ապրանքանիշը, երրորդ տեղում է Subaru-ն: Լավագույն տասնյակում մյուս հորիզոնականները զբաղեցրել են Mazda, Lexus, Audi, Hyundai, BMW, Kia եւ MINI բրենդները: Ամենավատ լույսի ներքո դրսեւորվել են Fiat ապրանքանիշի ավտոմեքենաները. իտալական ընկերությունն ամփոփել է 33 ապրանքանիշ ներառող վարկանշային աղյուսակը, իսկ ցանկի վերջին հորիզոնականներում հայտնվել են Mitsubishi-ն, Jeep-ը, Land Rover-ը, Cadillac-ը, Jaguar-ն ու GMC-ը:

Consumer Reports-ի մասնագետներն ընդգծում են, որ նոր ավտոմեքենաների ճանապարհային թեստերն անցկացվել են անանուն, իսկ բավարարվածությունը գնահատելու համար մեքենաների սեփականատերերին հարցրել են՝ «կգնե՞ին արդյոք նրանք նույն այդ մակնիշի ավտոմեքենան կրկին»: «Կանխատեսվող հուսալիությունը» հաշվարկվել է սեփականատերերի էքսպրես-թեստի օգնությամբ, իսկ անվտանգությունը գնահատվել է այդ թվում ակտիվ եւ պասիվ պաշտպանական համակարգերի բազային կոմպլեկտավորման առկայության հիման վրա: