Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, հաղորդում է Tasnim-ը:

Քվեարկության արդյունքում մեծամասամբ հաղթել են ռեֆորմիստների հիմնական ընդդիմադիրները, նշում է գործակալությունը:

ԻԻՀ խորհրդարանի ապագա անդամների ցանկը գլխավորել է Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամադ Բաքեր Քալիբաֆը, որը հավաքել է 1,265,287 ձայն:

Նշվում է, որ 2017 թվականին Քալիբաֆը առաջադրվել էր Իրանի նախագահի պաշտոնին:

Հավաքված ձայների թվով երկրորդ տեղը զբաղեցրել է ԻԻՀ նախագահի եւս մեկ նախկին թեկնածու Մոսթաֆա Ակա-Միրսալիմը, որը հավաքել է 892,318 ձայն:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին կայացած Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններին մասնակցությունը կազմել է 42,57 տոկոս:

Ուրբաթ Իրանում մեկնարկել էին խորհրդարանական ընտրությունները: 290 պատգամավորական մանդատի համար պայքարել է ավելի քան 7 հազար մարդ: Ընտրություններն անցկացվել էին Իրանում բացված 208 ընտրատեղամասերում:

29 մլն. 39 հազ. 152 ընտրողները տղամարդիկ էին, իսկ 28 մլն. 879 հազ. 6 մարդ՝ կանայք:

Իրանի խորհրդարանում ամրագրված է հինգ տեղ կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների համար: Իրանում բնակվող էթնիկ հայերի համար ամրագրված է երկու տեղ, իսկ երկրի ասորիների, հրեաների եւ զորոաստրիացիաների համար՝ մեկական մանդատ:

Սունիթ պատգամավորները եւս չունեն խոչընդոտներ խորհրդարանում ներկայությունն ապահովելու համար։ Ներկայում Իրանի խորհրդարանում կա 24 սունիթ պատգամավոր։

Խորհրդարանի պատգամավորներն ընտրվում են համազգային քվեարկությամբ 4 տարի ժամկետով։ 2020 թվականի մայիսին Իրանի նոր խորհրդարանը կսկսի աշխատանքը։