Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել սահմանափակել Իրանից եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը՝ պայմանավորված Իսլամական Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվի աճով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն: Այդ մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության այսօր տարածած հայտարարության մեջ:

Իրանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերի մասին տեղեկատվությունը տարածվել է փետրվարի 19-ին: Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թիվը հասել է 43-ի, ընդ որում՝ գրանցվել է 8 զոհ:

Վրաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ «ներկայումս Իրանում գրանցված է կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշը Չինաստանից հետո»:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց տեղաշարժը: Կառավարության որոշմամբ՝ տվյալ փուլում դադարեցված է Իրանից Վրաստան ուղեւորների տեղափոխումը: Ավիաընկերությունները հնարավորություն կունենան Վրաստանի օդային տարածք տեղափոխել ինքնաթիռներն առանց ուղեւորների, որպեսզի Իրանից ժամանած զբոսաշրջիկները կարողանան վերադառնալ»,-ասված է հայտարարության մեջ:

ԱԳ նախարարությունում պարզաբանել են, որ «ներկայում տեղաշարժման համար բաց կմնա ցամաքային սահմանը», սակայն անցակետերում «գործում են խիստ սահմանափակումներ»:

«Նշված ուղղությամբ մենք սերտորեն համագործակցում ենք հարեւան երկրների հետ: Վրաստանի կառավարությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը, ինչպես նաեւ շարունակում աշխատանքը հարեւան Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Անհրաժեշտության դեպքում հետագայում չի բացառվում նաեւ ցամաքային սահմանով տեղաշարժի սահմանափակումը»,-ասված է հայտարարության մեջ:

Նախօրեին Վրաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ էր տվել զերծ մնալ Իրան ճանապարհորդելուց: Թեհրանում Վրաստանի դեսպանատանը կից գործում է «թեժ գիծ» ծառայությունը: