Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խուսափեց կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման հնարավորության մասին հարցի ուղիղ պատասխանից:

Փետրվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան հարցին՝ նախարարն ընդգծեց, որ կորոնավիրուսի տարածումը սպառնալիք է բոլոր երկրների համար, եւ իրավիճակի վերահսկման ուղիները պետք է համատեղ որոնել: «Սերտորեն աշխատել եւ աշխատում ենք Չինաստանի, Իրանի կառավարությունների հետ»,- շեշտեց նախարարը՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կառավարության նիստ է ընթանում կոնկրետ քայլերի մշակման նպատակով:

«Բնականաբար, չենք կարող Իտալիայի իրավիճակին ուշադրություն չդարձնել: Այստեղ նաեւ անհրաժեշտ է որոշել, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ, որ մարտահրավերը համատեղ հաղթահարենք, պաշտպանենք սեփական բնակչությանը եւ վիրուսի տարածում թույլ չտանք»,- նշեց ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, որ ժամանակի կորուստը հղի է լրջագույն հետեւանքներով, դա չի կարելի թույլ տալ: