ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը մտահոգված է Ադրբեջանի հետ սահմանին միջադեպով:

Մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցները, որի հետեւանքով հայ զինծառայող է վիրավորվել, նախարարը նշեց, որ մտահոգիչ է լարվածություն առաջացնող ցանկացած քայլ: «Լարվածությունը թույլ չի տալիս բանակցային գործընթացում առաջընթացի հասնել: 2019 թվականին կարեւոր ձեռքբերում ունեցանք՝ լարվածությունը նվազեց: «Միջադեպեր եւ կորուստներ եղան, սակայն դրանց թիվը քիչ էր, եւ շատ կարեւոր է այդ միտումը պահպանելը: Հակառակ գործողություններն անընդունելի են»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը մտադիր է հետագայում եւս ջանքեր գործադրել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, եւ այդ առումով շատ կարեւոր է իրականացնել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները: «Կան հստակ առաջարկներ, եւ մենք պնդում ենք, որ դրանք պետք է իրականացվեն՝ հրադադարի ռեժիմը ամրապնդելու եւ ռիսկեր թույլ չտալու համար: Սպառնալիքների մեթոդը չի գործում: Հայաստանն ու Արցախը մերժում են դրանք»,- եզրափակեց նախարարը: