ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը եւ գրասենյակները երկրորդ բանակ են համարվում եւ միշտ հուսալի թիկունք եւ հենարան կլինեն Հայաստանի Զինված ուժերի եւ Արցախի Պաշտպանության բանակի համար: Այս մասին փետրվարի 24-ին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ հենց նման խորհրդաժողովների ժամանակ են հստակեցվում գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները: «Առաջին ուղղությունը կապված է Հայաստանի աջակցության հետ՝ երկրի միջազգային իմիջի բարձրացման եւ պետականության հաստատման տեսանկյունից, ինչպես նաեւ Արցախի աջակցության հետ՝ ինքնորոշման սկզբունքի եւ ԼՂՀ լայն ճանաչման հիման վրա հակամարտության կարգավորման տեսանկյունից: Երեկ հանդիպում է կազմակերպվել Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ փոխնախարարի հետ, որի շրջանակում քննարկվել է նաեւ ղարաբաղյան հարցը: Կարեւոր ենք համարում Երեւանի եւ Ստեփանակերտի հետ համատեղ աշխատանքը, նույնիսկ եթե որոշ հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ կան: Երկրորդ ուղղությունը կապված է ամբող աշխարհի, այդ թվում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ, այդ հարցով աշխատանքներ են տարվում նաեւ հատուկ հանձնաժողովների հետ: Երրորդ ուղղությունը պետք է դառնա հայերի իրավունքների ապահովման աջակցությունը իրենց հայկական հողերում, այդ թվում Թուրքիայում, Ջավախքում եւ այլ վայրերում: Կարեւոր է նաեւ ժողովուրդների հետ համագործակցությունը, որոնք եւս Թուրքիայի իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվել: Չորրորդ՝ կարեւոր ուղղությունը միջազգային կառույցների աշխատանքների հայ երիտասարդների ներգրավումն է, ակտիվ լոբինգը վերոնշյալ ուղղություներով»,- նշեց նա:

Իր հերթին, Հայ Դատի գրասենյակի եւ ՀՅԴ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման գործում կարեւոր է ԱՄՆ եւ Սիրիայի օրենսդրական մարմինների կողմից համապատասխան բանաձեւերի ընդունումը: