2020 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի նախագահությամբ, արտագնա նիստ է անցկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդրական այն նախաձեռնություններին, որոնք հետագայում նպաստելու են տեղաբաշխման հանձնաժողովի աշխատանքային գործունեության կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը՝ հատկապես կարեւորելով սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի գործառույթները դատապարտյալների՝ օրենքով սահմանված կարգով ուղղիչ հիմնարկի տեսակը մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաեւ նրանց վերասոցիալականացնելու եւ վերաինտեգրելու գործընթացներում։

Ա. Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրել է կրթական, լուսավորչական, կրոնական, մարզական եւ մշակութային միջոցառումներին ազատազրկված անձանց ակտիվ ներգրավվածությունը, խրախուսանքներ տրամադրելու կարգը, առաջարկությունների դեպքում հիմնարկների համագործակցությունը հասարակական եւ այլ կազմակերպությունների հետ։

Հանձնաժողովի արտագնա նիստի հիմնական նպատակն էր ցմահ ազատազրկման դատապարտվածների հետ անձնապես հանդիպելը, տեղում ծանոթանալը նրանց անձնական գործերին, դրսեւորած վարքագծի վերաբերյալ բնութագրերին, աշխատանքային պայմանագրերին, ազատազրկված անձանց զբաղվածությանն ու վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներն ուսումնասիրելը, մարդկային որակները եւ հնարավոր ռիսկերն անմիջական շփման միջոցով ճանաչելը։

Դատապարտյալներին անձամբ ընդունելով՝ հանձնաժողովի անդամները մանրամասն լսել են յուրաքանչյուր ցմահ ազատազրկման դատապարտված անձի ներկայացրած հանգամանքները, հիմնավորումները, անհրաժեշտության դեպքում՝ ուսումնասիրել նրանց կողմից տրամադրվող հավելյալ փաստաթղթերը, որոնք բազմակողմանի գնահատել ու համադրել են նրանց ուղղման գործընթացի ժամանակ կազմված մյուս համապատասխան փաստաթղթերի ու տեղեկությունների հետ։

Հանձնաժողովի արտագնա նիստերը կրելու են շարունակական բնույթ։