Ամիսներ առաջ ոստիկանության Իջեւանի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Իջեւանի էլեկտրական տեխնիկայի խանութ-սրահներից մեկից գողացել էին բջջային հեռախոսներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Իջեւանի քրեական հետախույզները ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու նախաքննական մարմնի ծառայողների հետ։ Հետեւողական աշխատանքի արդյունքում փետրվարի 18-ին հանցագործությունը բացահայտվեց։

Ոստիկանության Իջեւանի բաժին բերման ենթարկված, ապա քննչական բաժին ներկայացված 33-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք տվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։