Երեւանում 6 հազար շներից ստերիլիզացվել է արդեն մոտ 3 հազարը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքից Երեւանի ավագանու անդամ, «Դինգո թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ մնացել է ամենաբարդ գործը, քանի որ մնացած շներին բռնելը ավելի դժվար կլինի: «Վերջին շրջանում շների կողմից ագրեսիայի դրսեւորումը սերտորեն կապված է խաչասերման շրջանի հետ: Այն տեւում է մոտ 15 օր: Թափառող շների աճի դեմ պայքարի ամենաընդունելի միջոցը ստերիլիզացումն է: Դա ավելի արդյունավետ է, քան նրանց քնեցումը»,- նշեց նա:

Հովսեփյանը համոզմունք հայտնեց, որ դեպքերի 80 տոկոսը կապված է ոչ թե կծելու, այլ հարձակման վախի հետ: «Կարեւոր է աշխատանքներ տանել բնակչության, հատկապես երեխաների շրջանում, որպեսզի ցրվի հաճախ անհիմն վախը: Բացի այդ, կարեւոր է օրենսդրական մակարդակով կարգավորել շների բուծումը տնային պայմաններում, քանի որ թափառող շների աճը սովորաբար պայմանավորված է նրանով, որ մարդիկ իրենց շան ձագերին  փողոցում են թողնում»,- նշեց ՀԿ նախագահը:  

Նա հավելեց, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում դպրոցների եւ մանկապարտեզների մոտակայքում արդեն 30 շուն են բռնել եւ բաց թողել այլ վայրերում: