Եվրամիության երկրների տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությունը կախված կլինի հիվանդության բռնկման ժամանակահատվածից եւ չափերից, սակայն Եվրահանձնաժողովի համար առաջնայնությունը մնում է բնակչության առողջությունը, Բրյուսելում հրավիրված մամոլի ասուլիսում հայտարարել է ճգնաժամանային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, կան հետեւանքներ տնտեսության համար, սակայն ամեն ինչ կախված կլինի այդ երեւույթի շարունակականությունից եւ չափերից»,- ասել է նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ, համաձայն կանխատեսումների, կորոնավիրուսի ազդեցությունը գլոբալ տնտեսության վրա հարաբերականորեն սահմանափակված կլինի։ Բրյուսելը նաեւ պահպանել է 2020-2021թթ․ համար եվրագոտու աճի իր կանխատեսումները 1,2 տոկոսի մակարդակում։

Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին տեղեկացրել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Ուհան քաղաքում անհայտ պնեւմոնիայի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը տվել է COVID-19 անվանումը։

Վարակվածների թիվը Չինաստանում արդեն գերազանցել է 77 000-ը, մահացել է 2592 մարդ, բուժվել է, ավելի քան 24 000 մարդ։ Չինաստանի սահմանններից դուրս վարակի դեպքերի թիվը, ԱՀԿ-ի տվյալներով, հասել է 1769-ի, մահացել է 17 մարդ։