Ղարաբաղյան հիմնախնդրով բանակցությունների ընթացքը մեզ ամբողջությամբ չի գոհացնում: Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ «Հայ դատի» եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝  Ղարաբաղի ժողովուրդը երեք անգամ արտահայտել է իր կամքը, որ չի ցանկանում Ադրբեջանի մաս լինել: «Այսօր մենք պետք է աշխատենք միջազգային մակարդակում  Ղարաբաղի անկախության ճանաչման ուղղությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը Բրատիսլավայում նախանշեց գծերը, որոնք Երեւանը չի անցնելու: Այնուհետեւ մենք տեսանք վարչապետի կողմից հռետորաբանության մեղմացում, որը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել նույն իրավունքով, ինչ եւ Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Մյունխենում միջոցառմանը, ապա դա բանակցություն չէ, այլ սոսկ բանավեճ: Չի կարելի խոսել այն մասին, որ, այսպես կոչված, մյունխենյան սկզբունքները փոխարինել են Մադրիդյանին, քանի որ վերջինն առաջարկել են միջնորդները: Ընդհանուր առմամբ, նշված հանդիպումը կողմերին ոչինչ չտվեց»,- նշեց Մանոյանը: