Ես իմ քննության ժամանակ ասել եմ՝ ես չեմ խուսափում, ես կիրառել եմ 2 հատուկ միջոց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում դատական նիստի ավարտից հետո ասաց նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը։

«Դեռ նյութեր կան, ցույց կտան, նոր հետո կխոսեմ ձեր հետ»,- ասաց Երանոսյանը։

Նշենք, որ այսօր դատարանում ուսումնասիրվել է գործում առկա տեսանյութերը.

«Ես իմ քննության ժամանակ ասել եմ՝ ես չեմ խուսափում, ես կիրառել եմ 2 հատուկ միջոց»։

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է կիրառել, պատասխանեց. «Կտեսնեք կադրերում, կզգաք»։

Նշենք, որ Երանոսյանի գործով դատական նիստին որպես տուժող հարցաքննվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ դատական այս նիստին տեսաժապավենների ուսումնասիրությունն է իրականացվել, իսկ նախորդ նիստին դատարանը Երանոսյանի հետ կապված գործի ապացույցների հետազոտությունն էր իրականացրել։

Հիշեցնենք, որ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։