Մոսկվան անընդունելի է համարում Սիրիայում «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման հետ պայմանավորվելու հնարավորության մասին ԱՄՆ հայտարարությունները: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այդ երկու կառույցները՝ «Ան Նուսրան» եւ «Հայաթ Թահրիր աշ-Շամը» պաշտոնապես ներառված են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, որը կազմում է ՄԱԿ-ի ԱԽ-ն: Նրանք ներառված են նաեւ ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ազգային ցուցակներում: Այդուհանդերձ, արդեն առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնի պաշտոնական անձինք, ներառյալ սիրիական կարգավորման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին նման հայտարարություններ են անում: Նման հայտարարությունները բացարձակ անընդունելի ենք համարում»,- ասել է նա:

Նա հույս է հայտնել, որ Սիրիայով հարցով կհաջողվի համաձայնության հասնել Թուրքիայի հետ, որպեսզի ահաբեկիչները «չտնօրինեն» Իդլիբում: «Եվս մեկ անգամ նշեմ՝ մենք դեմ ենք ահաբեկիչներին արդարացնելու ցանկացած փորձին: Այդ պատճառով հուսով եմ, որ դիվանագետների եւ անվտանգության ծառայությունների մասնակցությամբ մեր եւ թուրք զինվորականների միջեւ շարունակվող շփումները դրական կավարտվեն եւ կկարողանանք այնպես անել, որպեսզի ահաբեկիչները «չտնօրինեն» ՍԱՀ տարածքում»,- հայտարարել է Լավրովը: