2005 թվականից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն համարվող, բայց չմասնավորեցված պետական հողերն ու օբյեկտները հանձնել են համայնքներին: Խոսքը, մասնավորապես, արդյունաբերական ձեռնարկությունների հողերի մասին է, որոնց գույքը մասնավորեցվել է, բայց հողը՝ ոչ: Այս մասին փետրվարի 24-ին ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Հողի օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նրա խոսքով՝ հողի օտարման գործարքները թելադրված էին այն հանգամանքով, որ եթե հողամասերը, որոնք ձեւակերպված էին որպես համայնքի սեփականություն, ապա դրանց համար վճարումները մուտք էին արվում համայնքի բյուջե:

«Իսկ եթե նախկին փաստաթղթերը ձեւակերպված էին որպես պետական սեփականություն, ապա վճարումները մուտք էին արվում պետական բյուջե: Գյումրիում, Աբովյանում եւ Վանաձորում արդյունաբերական օբյեկտների տարածքները, առանց որեւէ էական հիմնավորման, համարվել են պետական, իսկ կադաստրային մարմինները գործարքները գրանցել են միայն այն ժամանակ, երբ պետական ճանաչված գումարները, մուտք են արվել պետական բյուջե»,- պարզաբանեց Տերտերյանը:

Իսկ հիմա օրենքում փոփոխություններ կատարելով՝ կառավարությունը մտադիր է նման «պայմանական սեփականությունից» հրաժարվել հօգուտ համայնքների, որ այսուհետեւ վճարումները կատարվեն ոչ թե պետական բյուջե, այլ համայնքների բյուջե:

Փոխնախարարը հայտնեց, որ մինչեւ այսօր պետական բյուջեն այսպիսով ստացել է շուրջ 508 մլն դրամ:

«Սա, իհարկե, ինչ-որ ֆանտաստիկ գումար չէ, բայց դրա մեջ իմաստ կա»,- շեշտեց Տերտերյանը:

Նշենք, որ օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը: