ԱՄՆ-ում դատապարտված մարդասպան Ջոնաթան Ուոթսոնը, որը ցմահ ազատազրկման պատիժ է կրում, վերջերս խոստովանել է երկու մանկապիղծների սպանությունը, որոնք իր հետ նույն բանտախցում են եղել։

Նա պնդում է, որ հարձակումից առաջ այդ մասին նախազգուշացրել է բանտի աշխատակիցներին։ Վերջերս Ուոթսոնը տեղափոխվել է թմրամոլության բուժման կալիֆոռնիական կենտրոն եւ Կորկորանում պետական բանտ։ Հենց այդ պահին, երբ նրա հանդեպ հսկողությունը թուլացրել են, նա որոշել է պատժել երեխաներին սեռական բռնության ենթարկողներին, հայտնում է Americaru-ն։

«Ես չէի կարող քնել՝ չանելով այն, ինչ պահանջում էին իմ բնազդները։ Ես պետք է անեի դա»,- գրել է Ուոթսոնը։ Նա հետեւել է, թե ինչպես է իր կողմից «Մանկապիղծ-1» անվանված կալանավորը ընդհանուր սենյակում հեռուստացույցով դիտում PBS-ի Kids հաղորդումը, եւ որոշել է, որ դրան պետք է վերջ դրվի։ Ուոթսոնը վերցրել է փայտն ու հարձակվել նրա վրա՝ բոլորի աչքի առջեւ ծեծի ենթարկելով նրան։ Երբ նա գնացել է որոնելու պահապաններին, ճանապարհին հանդիպել է նույն հանցանքների համար դատապարտված երկրորդ մարդուն եւ նույնպես հարձակվել նրա վրա։ Երկուսն էլ մահացել են հարվածներից։

Հունվարին Ուղղիչ հաստատությունների կալիֆոռնիական դեպարտամենտը սկսել է 48-ամյա Դեւիդ Բոբի եւ 62-ամյա Գրեմ դե Լուիս Կոնտիի սպանությունների հետաքննությունը։ Նրանք երկուսն էլ ցմահ ազատազրկման պատիժ էին կրում՝ պայմանական-վաղաժամ ազատ արձակվելու հնարավորությամբ։