Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 24–ին, կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցը զեկուցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրել է 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի արդյունքները և առանձին հարցերի վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումներն ու առաջարկությունները: Այնուհետև շրջակա միջավայրի նախարարի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները զեկուցել են ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրին, կլիմային և տրանսպորտին վերաբերող դրույթներին: Փոխվարչապետը, ամփոփելով նիստը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հանձնաժողովին նիստերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար և հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին համագործակցելով առաջ շարժվել ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների իրականացման գործընթացում՝ դրանց համընդգրկուն բնույթ հաղորդելու և պատշաճ ժամանակին կիրարկելու նպատակով: