ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նախագահ Դոնալդ Թրամփին «ժողովրդավարության համար վտանգ» է համարում, հայտնում է AFP-ը։

Քլինթոնը նաեւ նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կրկին փորձում է ազդել նախագահական ընտրությունների վրա 2020թ․, եւ հայտարարել է, որ կսատարի ցանկացած թեկնածուի, որը պայքարի մեջ կմտնի Թրամփի դեմ։

Այնուամենայնիվ, նա հրաժարվել է սատարել դեմոկրատների կոնկրետ թեկնածուի՝ հայտարարելով, որ «դա կթողնի ընտրողներին»։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Ռուսաստանը կրկին փորձում է միջամտել ԱՄՆ ընտրություններին, Քլինթոնը կոչ է արել ընտրողներին ապատեղեկատվության դեմ «զգոն» լինել։

«Մենք գիտենք, որ ապատեղեկատվությունը արդեն խնդիր է։ ԱՄՆ հետախուզական հանրությունը հայտնել է, որ ռուսները վերադարձել են մեր կիբեռհամակարգեր՝ փորձելով ազդել փրայմրիզի արդյունքների վրա եւ էլի փորձելով սատարել Թրամփին։ Կասկած չկա։ Ցանկացած մարդ, ով փորձում է հերքել դա, ապրում է երազների աշխարհում, եւ դա տխուր երազների աշխարհ է, քանի որ մենք թուլացնում ենք մեր պաշտպանությունը»,- ասել է նա։

Օտարերկրյա տերությունները, նրա խոսքերով, «ավելի ու ավելի» կփորձեն ազդել ընտրությունների վրա ԱՄՆ-ում եւ Եվրոպայում։ «Եթե մենք չենք պաշտպանում ժողովրդավարությունը, ապա մենք դանդաղ, սակայն անշեղորեն նրանից հրաժարվում ենք եւ կորցնում ենք վերահսկողությունը նրա հանդեպ»,- ասել է Քլինթոնը։