Մահացել է Երկիր մոլորակի ամենատարեց տղամարդը` Ճապոնիայի 112-ամյա բնակիչ Տիտեցու Վատանաբեն, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ ճապոնացի երկարակյացը մահացել է փետրվարի 23-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Վատանաբեն ծնվել է 1907-ի մարտի 5-ին Նիգիգատա պրեֆեկտուրայի Դզեէցու քաղաքում ՝ գյուղացիների ընտանիքում: Երբ ճապոնացին ավարտել է գյուղատնտեսական դպրոցը, տեղափոխվել է Թայվան` շաքարավազի արտադրությամբ զբաղվող ընկերության համար աշխատելու նպատակով:

Ավելի վաղ` փետրվար ամսվա սկզբին, Վատանաբեն աշխարհի ամենատարեց մարդն էր ճանաչվել եւ հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում: Այդ ժամանակ լրագրողների հետ զրույցում ճապոնացին բացահայտել էր իր երկարակեցության գաղտնիքը: Նա խորհուրդ էր տվել շատ ժպտալ եւ երբեք չզայրանալ: Մինչեւ անցած ամառ երկարակյացն ամեն օր վարժություններ էր անում, զբաղվում մաթեմատիկայով ու գեղագրությամբ: