Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի եւ Նոր Նորք նստավայրի դիմաց այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցները, ՀՀԿ անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն երրորդ նախագահի։ Չնայած անձրևոտ եղանակին՝ աջակիցները դատարանի բակում հավաքվել են դատական նիստի մեկնարկից դեռ երկու ժամ առաջ։ Դատարանի բակում նաև մեծ թվով ոստիկաններ կան։

Աջակիցներն իրենց հետ բերել են պաստառներ՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան» գրությամբ։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց, որ ակցիան իրականացնում են ոչ միայն ՀՀԿ անդամներ, այլ նաեւ քաղաքացիներ, որոնց դեմքով անգամ ինքը չի ճանաչում.

«Մեծ մասը ցավ են ապրում, որ իրենց երկրում նույն օրվա ընթացքում երկու նախագահի՝ 2 Արցախի հերոսի նկատմամբ իրականցվում է շինծու դատական գործընթաց։ Այս գործընթացն իրական գործընթացից, իրական վտանգից, օրինակ՝ Արցախի հարցից շեղելու քայլերից մեկն է։ Հայաստանում շատ խնդիրներ կան. թե՛ տարածաշրջանային անվտանգությունը, թե՛ Արցախը, թե՛ Հայաստանի ներքին խնդիրները, որոնք ցանկալի կլիներ, որ ավելի շատ գրավեին իշխող քաղաքական էլիտայի ուշադրությունը, քան՝ շինծու քաղաքական գործերը»։

Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել է հայտարարություն, ըստ որի,  գործն ուղղորդված է և պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։

Հայտարարությունում նաև ասվում է, որ նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից. «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում»: